Արդարադատության ակադեմիայի ռեկտորն ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը
Հոկտեմբերի 21-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև UNFPA-ի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը և ծրագրերի օգնական Աննա Հովհաննիսյանը։
Ռեկտորը ներկայացրել է Ակադեմիայի գործունեության առաջնահերթությունները, մասնավորապես՝ կրթական ծրագրերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Տաթևիկ Սուջյանը նշել է, որ Ակադեմիան նախատեսում է իրականացնել ուսուցման կարիքների գնահատում։ Նա կարևորել է նաև դասընթացների այնպիսի ձևաչափերի ներդրումը, որոնց շրջանակում իրավաբանները կաշխատեն այլ ոլորտների մասնագետների հետ համատեղ։
Լուսինե Սարգսյանն իր հերթին ներկայացրել է UNFPA-ի առաքելությունը և գործունեության չորս հիմնական ուղղությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտանեկան և գենդերային բռնության կանխարգելման ու դրան արձագանքման, ինչպես նաև արդարադատության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ընտանեկան բռնության՝ թվային միջավայրում դրսևորումներին։ Կողմերը քննարկել են դատավորների, դատախազների և քննիչների համար ընտանեկան բռնության կանխարգելման և դրան արձագանքման կարողությունների զարգացմանն ուղղված մասնագիտական դասընթացների կազմակերպման հնարավորությունը։
Քննարկվել է նաև գործնական ուղղվածությամբ ուսուցման ձևաչափերի ներդրումը, մասնավորապես՝ բռնության ենթարկված անձանց հարցաքննության մոդելավորման վրա հիմնված դասընթացների անցկացումը։
Կողմերն ընդգծել են իրավաբանների և այլ ոլորտների մասնագետների համատեղ աշխատանքի կարևորությունը։ Դա անհրաժեշտ է բռնության դեպքերին համալիր և արդյունավետ արձագանք ապահովելու համար։
Հանդիպման ավարտին կողմերը համաձայնության են եկել համագործակցությունը մեկնարկել ուսուցման կարիքների գնահատումից։ Համագործակցության գործնական փուլը կմեկնարկի առաջիկայում։