ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

21.10.2026

ՀՀ կառավարության՝ 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1236-Ա որոշման հավելվածի՝ ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի 5-րդ գլխի 6-րդ կետին համապատասխան՝ դատաիրավական համակարգի մասնագիտական կարողությունների և Արդարադատության ակադեմիայի համապարփակ զարգացումն ապահովելու նկատառումներից ելնելով՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի՝ 2026 թվականի հոկտեմբերի 7-ի նիստում քննարկվել և հավանության է արժանացել ակադեմիայում Արդարադատության նախարարության հետ համատեղ հետազոտական և վերլուծական կենտրոնի ստեղծման գաղափարը։

 

Հետազոտական և վերլուծական կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա Արդարադատության ակադեմիայում ձևավորել հետազոտության և մասնագիտական կրթության փոխկապակցված ինստիտուցիոնալ մոդել, որի շրջանակում իրականացվող հետազոտությունների և վերլուծությունների արդյունքները կօգտագործվեն մի կողմից՝ Ակադեմիայի ուսումնական ծրագրերի մշակման, վերանայման և արդիականացման, մասնագիտական պատրաստման և վերապատրաստման կարիքների գնահատման, ուսումնական նյութերի մշակման, ինչպես նաև դասավանդման մեթոդների կատարելագործման, մյուս կողմից՝ դատական կամ իրավակիրառ այլ պրակտիկայի ուսումնասիրության, միջազգային և համեմատական փորձի վերլուծության և այլ գործնական նպատակներով։

 

Միևնույն ժամանակ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նույն նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության հետազոտական և վերլուծական կենտրոնի հետազոտողների ընդունելության փաստաթղթերի ներկայացման և հետազոտողների ընտրության, «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության հետազոտական և վերլուծական կենտրոնում իրականացվող հետազոտությունների անցկացման կարգերը։

 

Տեղեկացնում ենք նաև, որ հետազոտական և վերլուծական կենտրոնում կամավոր հիմունքներով հետազոտություններ անցկացնելու նպատակով հետազոտողների ընտրության գործընթացի մեկնարկի և մանրամասների վերաբերյալ Արդարադատության ակադեմիան առաջիկայում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։