ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի այցը Ակադեմիա
Դեկտեմբերի 4-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Ռեկտորը ողջունեց և կարևորեց դեսպանի այցը Ակադեմիա, նաև նշեց Բելառուսի գործընկերների հետ առկա արդյունավետ համագործակցությունը՝ 2018 թվականին Երևանում ստորագրված համագործակցության համաձայնագրի հիմքով, մասնավորապես՝ Բելառուսի պետական համալսարանի դատավորների, դատախազության, դատարանների և արդարադատության հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտի: Ռեկտորը նաև ներկայացրեց Ակադեմիայի գործունեության առաջնահերթությունները, հայ-բելառուսական համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու հեռանկարները:
Ալեքսանդր Կոնյուկն ափսոսանքով նշեց, որ լինելով դեսպան Հայաստանում արդեն երեք տարի, երբևէ առիթ չի ունեցել այցելել Ակադեմիա, տեղում ծանոթանալ գործունեությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, նաև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին դրանք իրականացնելու վերաբերյալ՝ ունկնդիրների և դասընթացավարների որակավորման բարձրացման նպատակով փոխադարձ այցերի կազմակերպում և այլն:
Դեսպանը, ով նախկինում պաշտոնավարել է իբրև Բելառուսի գլխավոր դատախազ, նաև դասավանդել տարբեր համալսարաններում, հանդիպում-քննարկում ունեցավ Ակադեմիայի ունկնդիրների հետ, կիսվեց մասնագիտական փորձով:
Դեսպանը նաև ծանոթացավ Ակադեմիայի շենքային պայմաններին: