Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Երկօրյա դատախաղ և վերապատրաստում՝ Արդարադատության ակադեմիայում

31.05.2023

Մայիսի 31-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց երկօրյա դատախաղ և վերապատրաստում՝ «Խոշտանգման սահմանման մեջ ուժեղ ցավի տարրի մասին ուղեցույցը պրակտիկայում կիրառելու շուրջ» թեմայով: Կազմակերպել էր Ակադեմիան՝ Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ: 


Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ դատախաղը Ռ.Վալլենբերգի անվան ինստիտուտի հետ համագործակցության հերթական քայլերից է: Ռեկտորի խոսքով՝ ընտրված թեման բավական արդիական է և շնորհակալություն հայտնեց ազգային և միջազգային փորձագետներին իրենց գիտելիքը, փորձն ու հմտությունները փոխանցելու պատրաստակամության համար:


Ինստիտուտի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովան ևս կարևորեց Ակադեմիայի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ դատախաղի և վերապատրաստման շրջանակում կքննարկվեն մի շարք պրակտիկ հարցեր, որոնք նաև տեղ կգտնեն Ինստիտուտի կողմից հրատարակված «Ուժեղ ցավի տարրը խոշտանգման հասկացությունում» գործնական ուղեցույցի լրամշակված տարբերակում:


Մասնակցում էին քրեական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուների հավակնորդները և դատախազի թեկնածուները: Վարում էին Արդարադատության ակադեմիայի դասընթացավարներ Դիանա Ղուկեյանը (Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր), Լաուրա Գասպարյանը (բժիշկ, ՄԻՊ գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ), Սրբուհի Գալյանը (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ) և Մորթեն Քոխ Անդերսենը (Ինստիտուտի Եվրոպայի գրասենյակի ավագ խորհրդատու, գիտահետազոտող): Ներկա էր նաև «Արդարադատության մատչելիություն» ծրագրի թիմի ղեկավար Ջոշ Աունսթեդը: