Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Սեմինար Ակադեմիայի ունկնդիրների համար

16.05.2023

Մայիսի 16-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ «Քրեական իրավունքի հիմունքները. վճիռ և պատիժներ (սանկցիաներ, անվտանգության և այլընտրանքային միջոցներ)» թեմայով: Սեմինարը կազմակերպել էր Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ: 


Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց IRZ գործընկերներին համագործակցության դրական փորձի համար և ընդգծեց, որ սեմինարի թեման չափազանց արդիական է: «ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկայում առաջացել են մի շարք խնդիրներ: Լիահույս եմ, որ այսօրվա քննարկումը կնպաստի մասնակիցների գիտելիքների ավելացմանը և վիճելի հարցերին ընդունելի լուծումներ գտնելուն»,- նշեց ռեկտորը: 


IRZ հայաստանյան ծրագրերի մենեջեր Ամալյա Վուքերթը և Հայաստանում ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Ակադեմիային շարունակական արդյունավետ համագործակցության համար: 


Սեմինարը վարում էին Ակադեմիայի դասընթացավար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Աննա Մարգարյանը և Գերմանիայի Զիգեն քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ուվե Շտարկը՝ հեռավար: Մասնակցում էի Ակադեմիայի ունկնդիրները՝ քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդները և դատախազի թեկնածուները: